Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԴԱ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐՎԻ

ԴԱ ՎԱՆԴԱԼԻԶՄ Է, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐՎԻ
30.11.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում հաստատվեց. ամենաարագը խելքն է, որովհետև առաջ է անցնում բոլորից: Բայց նաև հաստատվեց, որ խելք պետք է ունենալ:
Նոյեմբերի 26-27-ին Երևանում անցկացվեց «Եվրոպական հեռանկարները «Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը: Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ նա խոսում էր «ոսկե հնարավորության» մասին, ինչ-որ «պատուհանի», որ այդպես էլ չբացվեց: Այսօր էլ նա համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է միայն խաղաղ կարգավորում ունենալ: Ավելին, պարոն Լենմարկերը համարում է, որ հակամարտության հաղթահարման գործընթացում հասել է որոշումներ ընդունելու ժամանակը, երբ կարևորը տեխնիկական հարցերը չէ, այլ հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսևորումը: Նրա կարծիքով` հակամարտության հաղթահարումը պետք է տեղի ունենա փոխզիջման ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ կողմերից ոչ մեկի շահերը չեն կարող ամբողջությամբ բավարարվել: «Խնդրի փոխզիջումային կարգավորումը շատ կարևոր է և եվրաինտեգրման տեսակետից», ասել է նա համաժողովում և հավելել, որ հակամարտող կողմերը նախքան միմյանց մեղադրանքներ ներկայացնելը, պետք է պարզեն` իրենք պատրա՞ստ են փոխզիջման:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անդրադարձել է սառեցված հակամարտությունների խնդրին. «Նշելով այնպիսի անջատողական տարածաշրջաններ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Հարավային Օսիան կամ Աբխազիան, կարող եմ միայն հիշեցնել, որ Եվրամիությունը սատարում է թե՛ Վրաստանի, թե՛ Մոլդովայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության գաղափարներին: Առանց այս խնդիրների լուծման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ և հաստատուն կարգավորման, մենք չենք կարող պնդել, թե ապրում ենք ազատ և միասնական Եվրոպայում»: Բուզեկը կարծում է, որ Ռուսաստանն ու եվրոպական կառույցները պետք է համատեղ գտնեն սառեցված հակամարտությունների լուծումը. «Ռուսաստանը չպետք է վախենա, թե արևելյան գործընկերության քաղաքականությունը, որի նպատակն է տարածաշրջանում բարեկեցության, ժողովրդավարության, կայունության մակարդակի բարձրացումը, իր դեմ է ուղղված: Այս քաղաքականության հիմնական նպատակը կայունության ամրապնդումն է, ինչը բխում է և Ռուսաստանի շահերից»:
Նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքեց 21 միլիոն 862 հազար 733 դոլար: Մինչև նոյեմբերի վերջ դրամահավաքը շարունակվելու է, ուստի գումարը կարող է մեծանալ: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարներն ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղերի ջրամատակարարման ապահովմանը:
Նոյեմբերի 22-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, քննարկումների առանցքում եղել է, իհարկե, ղարաբաղյան խնդիրը:
Անցած շաբաթ տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Մինչև Բաքու, ապա Երևան գալը Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը և Անջեյ Կասպրչիկը Մոսկվայում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման հարցը դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովի համատեքստում: APA գործակալության հաղորդմամբ` Բաքվում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, որ ԵԱՀԿ անդամ պետությունների նախագահներին անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել Աստանայի վեհաժողովին. «Անցյալ տարի Աթենքում միջնորդ պետությունների ղեկավարները ստորագրեցին շատ ընդգրկուն մի հայտարարություն, իսկ այս տարի Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը, որը չափազանց կարևոր է»: Երևանում ՄԽ համանախագահները հանդիպումներ ունեցան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլին վերաբերող հարցեր:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ նոյեմբերի 25-ին Բեռնում Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյխարդի հետ համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ասել է, թե Ադրբեջանի տարածքների օկուպացիան կարող է միանգամայն անսպասելի խնդիրներ առաջացնել: «Ադրբեջանի ու Հայաստանի միջև որոշ խնդիրներ կան, որոշ խնդիրներ կան նաև Թուրքիայի ու Հայաստանի միջև: Ադրբեջանի տարածքների մի մասն օկուպացված է: Մեծ թվով մարդիկ փախստական են դարձել: Եթե այդ հարցը չլուծվի, վաղը կարող են հայտնվել միանգամայն անսպասելի խնդիրներ: Դա թույլ չտալու համար պետք է հարցը լուծել»,- ասել է նա: Թուրքիայի նախագահը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններին և մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլեր. «Մենք ձեռնարկելու ենք Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ քայլերը: Հույս ունեմ` շուտով կգան այն ժամանակները, երբ բոլոր պրոբլեմները, որոնց բախվել է տարածաշրջանը, լուծված կլինեն, քանի որ դեֆակտո գոյություն ունեցող վիճակը ոչ մեկին ձեռնտու չէ: Այդ վիճակը ձեռնտու չէ ոչ միայն կովկասյան երկրներին, այլև ամբողջ Եվրասիային: Քանի դեռ խնդիրները Կովկասում լուծված չեն, Կովկասը Եվրոպայի ու Ասիայի միջև պատ է մնալու»:
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան կարծում է, որ Լիսաբոնում ՆԱՏՕ-ի վեհաժողովի ընդունած հռչակագիրը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության առումով, կարևոր նշանակություն ունի: Նա հիշեցնում է, որ միջազգային այլ կառույցներ ևս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցող փաստաթղթեր են ընդունել, ինչն ամրապնդում է Բաքվի դիրքերը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամներ են և ստորագրել են հռչակագիրը: Մեր աչքի առաջ են մյուս համանախագահի` Ռուսաստանի ռեալ նախաձեռնությունները: Եթե համանախագահները հավատարիմ մնան իրենց դիրքորոշմանը և սկզբունքայնություն դրսևորեն, ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ղարաբաղյան հակամարտության հարցում կարևոր որոշում կարող է ընդունվել»:
Բրիտանական «Populus» կազմակերպության հիմնադիր Էնդրյու Կուպերը նոյեմբերի 25-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները: ԼՂՀ բնակչությունն ավելի տեղեկացված է հակամարտության հաղթահարման ներկա գործընթացի մասին (68%), քան Հայաստանի (50%): Լեռնային Ղարաբաղի բնակիչները դրական են վերաբերվում Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը և կտրականապես դեմ են Ադրբեջանին որևէ զիջման: Նրանք կարգավիճակի հարցի վերջնական լուծումը տեսնում են կամարտահայտման միջոցով և կտրականապես դեմ են ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձին ԼՂՀ-ի շրջակա տարածքներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը վստահում են 25 տոկոսը Ղարաբաղում և 38 տոկոսը` Հայաստանում: Հարցված ղարաբաղցիների միայն մեկ քառորդն է համարում, որ Մինսկի խումբն աջակցում է Հայաստանին ու Ղարաբաղին, բնակչության 43 տոկոսն էլ կարծում է, որ Մինսկի խումբը որոշակի դերակատարություն ունի հակամարտության հաղթահարման գործում: Ինչպես Հայաստանում, Ղարաբաղում էլ կոնֆլիկտի լուծման գործում Ռուսաստանին դրական է վերաբերվում բնակչության 85 տոկոսը, երկրորդը Ֆրանսիան է` 32 տոկոսով, երրորդը` Եվրամիությունը` 16 տոկոսով:
Ներկոալիցիոն ջերմ հարաբերությունների արդյունքում ԲՀԿ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից: Իհարկե, հավուր պատշաճի պատրվակ էլ կգտնվի, պատճառ էլ կհնարվի, ժամկետն էլ առավել կամ պակաս ճշգրտությամբ կհաշվարկվի: Այդ պահից մինչև ընտրություններ ընտրազանգվածին թերթերից ու էկրաններից կներկայանա նոր ու հզոր մի ընդդիմադիր ուժ` ԲՀԿ անունով: Ծանոթ պատկեր է, չէ՞, երբ ընդամենը մի քանի տարի առաջ իշխող կոալիցիայից շատ խրոխտ հեռացավ ՕԵԿ-ը` խորհրդարանի նախագահի հրաժարականով: Թե ինչ կլինի հետո ԲՀԿ-ի հետ, արդեն կիրառված այս սցենարի դեպքում, կարող են պատմել ու դիդակտիկ նյութերով պարզաբանել ՕԵԿ-ի պատգամավորները: Գուցե ԲՀԿ փոխնախագա՞հն է հիշել, որ իր ճակատին ժամանակին «Օրինաց երկիր» էր գրված ու իր հարուստ փորձը փոխանցում է ներկա կուսակցությանը, բայց հազիվ թե Գագիկ Ծառուկյանն առաջնորդվի Սամվել Բալասանյանի փորձառությամբ, ակներևաբար նրան նման խորհուրդներ տալիս են իրենց լուրջ համարող քաղաքական տեխնոլոգիաների թանկարժեք մասնագետները` հիմնավորելով, որ հերիք է ժողովուրդը համարի ընդդիմություն, հաջողությունն ապահովված է համարյա առանց փողի: Թե ինչպես կփոխվեն և արդյո՞ք կփոխվեն ընտրողների հիշողության կոդերը, ցույց կտան ընտրությունները, որոնց ժամանակ, թերևս, նորից գործի «Նորը լավ մոռացված հինն է» սկզբունքը:
Դեղին ծովում գտնվող Յոնգպյանգ կղզին կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջև: Նոյեմբերի 24-ին նրանք գնդակոծում էին միմյանց, զոհեր եղել են և խաղաղ բնակչության մեջ: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ասել է. «Հյուսիսային Կորեայի հարձակումը Հարավային Կորեայի վրա ուղղված էր խաղաղ բնակչության դեմ, և ուրեմն դա վանդալիզմ էր, որը երբեք չի ներվի»: Հարավային Կորեայի թիկունքում են ԱՄՆ-ը և Ճապոնիան, Հյուսիսային Կորեայի` Չինաստանը: Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Հարավային Կորեան և ԱՄՆ-ը Դեղին ծովում համատեղ զորավարժություններ են անցկացնում, ԱՄՆ-ը նշել է, որ որոշումն ընդունվել էր միջադեպից օրեր առաջ:
Վաղը սկսվում է ձմեռը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ